Հունգարիայի երկու ակնկալիքն էլ արդարացավ, ուստի հիմք չկար հինգշաբթի կայացած Եվրամիության գագաթնաժողովում չաջակցելու Ուկրաինային ֆինանսական օգնության առաջարկին, VRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Միաժամանակ Սիյարտոն ասել է, որ իրենք երաշխիք են ստացել, որ Ուկրաինան չի ստանա այն գումարը, որը նախատեսված է Հունգարիայի համար։

Ըստ նրա, Եվրահանձնաժողովն ամեն տարի զեկույց կպատրաստի, որի հիման վրա Եվրախորհուրդը հանդես կգա առաջարկություններով, կկազմակերպվի վերահսկման մեխանիզմ՝ տեսնելու, թե ինչպես է Ուկրաինան ծախսում գումարը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բացատրել էր, թե ինչու երկար դիմադրությունից հետո վերջապես համաձայնեց ԵՄ բյուջեից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով օգնության նոր փաթեթ հատկացնել։

«Ես պատին էի դեմ առել», - ասել է Օրբանը ազգային ռադիոյի եթերում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ըստ Օրբանի, եթե համաձայնություն ձեռք չբերվեր, և Բուդապեշտը շարունակեր օգտագործել իր վետոյի իրավունքը, ապա ԵՄ անդամ մնացած 26 երկրները կպայմանավորվեին փող ուղարկել Ուկրաինա՝ այդ նպատակով օգտագործելով, այդ թվում՝ հենց Հունգարիայի համար նախատեսված միջոցները։

Փետրվարի 1-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց, որ ԵՄ բոլոր առաջնորդները համաձայնել են Կիևին օգնության նոր փաթեթ հատկացնել։