Ազգային Ժողովի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը չի մեկնաբանում խորհրդարանի նոր նախագահ դառնալու լուրերը:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նիկոյանն ասաց. «Ինչո՞ւ եք կարծում, որ պետք է մեկնաբանեմ, լրագրողներն են այդ լուրը դրել շրջանառության մեջ, դուք էլ մեկնաբանեք: Ես ուղղակի կարդացել են մամուլից եւ ոչինչ ավելացնել չեմ կարող»:

Իսկ հարցը, թե «եթե Ձեզ առաջարկեն, կդառնա՞ք Ազգային Ժողովի նախագահ», Սամվել Նիկոյանն անպատասխան թողեց:

Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը: Աբրահամյանն ընդունել է առաջարկությունը եւ սեփական նախաձեռնությամբ որոշել հրաժարական տալ ԱԺ նախագահի պաշտոնից` ընտրական գործընթացներին ավելի լավ պատրաստվելու համար: Դրանից հետո շոշափվում են Սամվել Նիկոյանի եւ Դավիթ Հարությունյանի անունները` որպես ԱԺ նախագահի հնարավոր թեկնածուներ: Դավիթ Հարությունյանը արդեն իսկ հայտարարել է, թե այդ պաշտոնն իր հետաքրքրությունների մեջ չի մտնում: