ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին նախագահ ընտրվելու դեպքում կվերականգնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը։ Ըստ նրա, չինական ապրանքների նոր մաքսատուրքերը կարող են գերազանցել 60 տոկոսը։
«Մենք պետք է դա անենք, - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։- «Նկատի ունեմ, որ արժեթղթերի շուկան քիչ մնաց փլուզվեր, երբ հայտարարվեց, որ ես ռեկորդային հաղթանակ եմ տարել Այովա նահանգի նախնական ընտրություններում: Եվ հետո, երբ ես հաղթեցի Նյու Հեմփշիրում, ֆոնդային շուկան խելագարի պես փլուզվեց»:
Պատասխանելով այն հաղորդման մասին, որ նա դիտարկում է ընտրվելու դեպքում չինական ապրանքների վրա 60 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը, Թրամփը պատասխանել է. «Չէ, ես կասեի, որ, հնարավոր է, դա ավելի մեծ մի բան լինի»։
Թրամփը նաև մերժել է Չինաստանի հետ ևս մի նոր առևտրային պատերազմ սկսելու ենթադրությունը։
«Սա առևտրային պատերազմ չէ։ Ես Չինաստանի հետ ամեն ինչում հաջողության եմ հասել»,- ասել է Թրամփը։
«Ես ուզում եմ, որ Չինաստանում ամեն ինչ լավ լինի, ուզում եմ: Եվ ինձ շատ է դուր գալիս նախագահ Սին (Չինաստանի նախագահ Սի Ծինփին – խմբ.): Նա իմ շատ լավ ընկերն է եղել իմ նախագահության ժամանակ»,- ավելացրել է նա։
Թրամփը ԱՄՆ նախագահի իր կուսակցության թեկնածուների շարքում առաջատարն է և մտադիր է նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ ընտրություններում մարտահրավեր նետել երկրի գործող դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին։
Թրամփը մաքսատուրքեր է սահմանել հարյուր միլիարդավոր դոլարներ արժողությամբ չինական ապրանքների վրա 2018 և 2019 թվականներին։
Բայդենի վարչակազմը պահպանել է մաքսատուրքերը և ավելացրել նոր սահմանափակումներ, որոնք արգելում էին առաջատար կիսահաղորդիչների և դրանց արտադրության համար սարքավորումների արտահանումը՝ վկայակոչելով անվտանգության նկատառումները:
ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը վերանայում է մաքսատուրքերը։





























