Հայաստանում շրջանառության մեջ է դրվել բավական հետաքրքիր տնտեսական տերմին` «կանոնակարգիչ գիլյոտին»: Ավելին` երեկ, նոյեմբերի 3-ին Հայաստանի կառավարությունում միջազգային դոնոր կլազմակերպությւոնների հետ ստորագրվել է մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Ի՞նչ է սա նշանակում, եւ ընդհանրապես` ի՞նչ առնչություն ունի ազատ շուկան միջնադարյան այդ գործիքի հետ, որով առաջադեմ մարդկանց գլուխներն էին նաեւ թռցնում:
Ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետազոտություններից մեկի` գիլյոտինի մեթոդը մշակվել է Շվեդիայում 1980 թ.: Հիմնական նպատակն էր կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ նորմատիվային ակտերի վերանայումը եւ «ֆիլտրացումը», որոնք խոչընդոտ էին ազատ շուկայի սկզբունքներին: Սա է փաստոեն գիլյոտինի հիմնական նպատակը` շատ արագ (6 ամսում կամ 1 տարում) կարգի բերել նորմատիվային բազան, այն հաշվով, որպեսզի բյուրոկրատիան նվազի եւ կառավարման արդյունավետությունը բարձրանա:
Գիլյոտինի մեթոդը կիրառվել է բազմաթիվ երկրներում` Իտալիա, Մեքսիկա, Հարավային Կորեա, Հունգարիա, Քենիա, Մոլդովա, Տաջիկստան եւ այլն; Օրինակի համար նշենք` Հարավային Կորեան 1 տարում վերանայեց 11 հազ. նորմատիվային փաստաթուղթ, որի կեսը չեղյալ հայտարարվեց: Առավել տարածված է գիլյոտինի մեթոդը կիրառել լիցենզիաների եւ տարաբնույթ թույլտվությունների ոլորտներում:
Գիլյոտինը որպես կանոն իրականացվում է հետեւյալ սխեմայով. Կառավարությունը նախ որոշում է գիլյոտինի նպատակները, այնուհետ գերատեսչություններից պահանջում կարճ ժամանակում ներկայացնել բոլոր այն նորմատիվ փաստաթղթերը, որոնք վերաբերում են գիլյոտինին: Այդ փաստաթղթերը 3 տեսակի փորձաքննություն են անցնում` կառավարության կողմից լիազորված մարմնի, անկախ փորձագետներ եւ գործարարների կողմից; Ցանկացած փաստաթուղթ, որը նման «ֆիլտրի» կողմից հավանության չի արժանանում` կամ չեղյալ է համարվում, կամ պարզեցվում է: Այսինքն` հայտարարվում է մի կոնկրետ օր, որիի ժամանակ այդ փաստաթուղթը «գիլյոտինի է ենթարկվում»` ավտոմատ անվավեր դառնալով;
Սամվել Ավագյան




























