Ես չեմ գտնում, որ մշակութային վայրերը լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նշենք, որ «Ֆեյսբուքում» նախաձեռնություն էր սկսվել․ ՀՀ կառավարությունից պահանջում էին, որ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։

«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։