Պարզվում է` պետական բյուջեի նախագծում ամեն տարի գումար է հատկացվում գյուղատնտեսական կենդանիների սերմնահեղուկի պահպանման համար` գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման նպատակով: 2011 թ. այդ նպատակով հատկացվել էր 6.3 մլն դրամ, իսկ 2012 թ. գումարը կրճատվել է մինչեւ 5.7 մլն դրամ: Նվազեցումը պայմանավորված է սերմնահեղուկի չափաբաժինների կրճատմամբ (նախատեսվում է պահպանել 308.7 հազ. չափաբաժին): Նշենք, որ համապատասխան լաբորատորիան գտնվում է Մարտունի քաղաքում, կովերի սերմնահեղուկը պահպանվում է խորը սառեցման մեթոդով:

Այսօր` նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումների ընթացքում մարտունեցի պատգամավոր Միշա Ստեփանյանը հայտարարեց, որ անասունների սերմնահեղուկը հնացած է, 25 տարվա վաղեմություն ունի, ու ավելի լավ կլիներ այդ գումարն ուղղել ավելի կարեւոր միջոցառումներին: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ իրականում գյուղնախարարությունն ավելի մեծ գումար էր պահանջել: