Կուբացիները 50 տարվա ընթացքում առաջին անգամ կարող են ազատորեն գնել եւ վաճառել անշարժ գույք, հաղորդում է EFE գործակալությունը` վկայակոչելով Կուբայի կառավարության պաշտոնական պարբերականը: Ռաուլ Կաստրոն համապատասխան հրահանգ է ստորագրել, որն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10-ին:
Կուբայի հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրի բնակիչներին թույլատրվել է ինքնուրույն անշարժ գույքի գներ սահմանել եւ ազատ փոխել բնակության վայրը, հստակեցնում է The New York Times-ը:
Միեւնույն ժամանակ իշխանությունները միջոցներ են ձեռնարկել, որոնք պետք է խոչընդոտեն սպեկուլյացիաներն ու հարստության կուտակումը: Ըստ նոր օրենքի, Կուբայի բնակիչները կարող են երկու գույք ունենալ (բնակության մշտական վայր եւ ամառանոց), իսկ բոլոր գործարքները պետք է անցնեն Կուբայի կենտրոնական բանկով: Ընդհանուր գնից 8 տոկոսը որպես հարկ գնալու է պետական գանձարան:
Նշենք, որ մեկ ամիս առաջ թույլատրվել էր մեքենաների ազատ առքուվաճառքը:




























