Լոս Անջելեսի «Փոլ Գետտի» թանգարանին նոյեմբերի 3 –ին չի հաջողվել հասնել Հայ եկեղեցու` թանգարանի նկատմամբ ներկայացված դատական հայցի մերժմանը: Եկեղեցին թանգարանին մեղադրում է  755 տարվա հնության միջնադարյան ձեռագրերի գողության մեջ, գրում է «Los Angeles Times»-ը:

Կարճատեւ լսումներից հետո, Լոս Անջելեսի առաջին ատյանի դատավոր Էյբրահամ Խանը մերժել է Գետտի թանգարանի` եկեղեցու հայցը մերժելու միջնորդությունը: Թանգարանի փաստաբանները պնդել են, թե հայցի ներկայացման վերջին ժամկետն սպառվել է տասնամյակներ առաջ, սակայն դատավորն ասել է, որ «դա պարզ չէ» եւ սահմանել է չորս ամիս` հարցը պարզելու համար:

Դատավորն ասել է,  որ պետք է ուշադրությունը կենտրոնացնի այդ էջերի  «բարդ ճակատագրի» վրա,  որոնք Հայոց ցեղասպանության տարիներին Կիլիկիա նահանգից հասել են Ամերիկա, որոշելու  համար`  համապատասխանում է անցած տարի ներկայացված հայցը վեցամյա վաղեմության ժամկետին:

Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան ափի թեմը հուսով է վերադարձնել Մատենադարանում պահվող միջնադարյան հայ մեծագույն մանրանկարիչներից Թորոս Ռոսլինի նկարազարդումներով Զեյթունի Ավետարանի առաջին էջերը, որոնք Գետտիի թանգարանը գնել է 1994 թ.` 950 հազ. դոլարով: Եկեղեցին ցանկանում է վերադարձնել այն Մատենադարանին, որպեսզի  ամբողջանա Զեյթունի Ավետարանը, որն այնտեղ է պահվում  1960թ-ից:

Եկեղեցու փաստաբանական խմբի ղեկավար Լի Բոյդն ասել է, որ Գետտիի թանգարանը  չի ուսումնասիրել էջերի ծագումը կամ սեփականության պատմությունը, երբ գնել է էջերը մի մարդու ժառանգորդից, ով դրանք գողացել է 1916 թ-ին: Թանգարանը նաեւ 1994թ. չի խորհրդակցել Մատենադարանի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետությունը եւ Մատենդարանը դատական վեճի կողմ չեն, սակայն Մատենադարանի տնօրեն Հ. Թամրազյանն անցյալ տարի դիմել էր եկեղեցու փաստաբանական խմբին` խնդրելով գործադրել առավելագույն ջանքեր`  «այդ գանձերն օրինական տիրոջը վերադարձնելու համար»:

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը չորեքշաբթի ասել է, որ Մատենադարանի տնօրենը խոսել է իր, ոչ թե կառավարության անունից, որը «սպասողական դիրքորոշում է որդեգրել»:  «Կան հարցեր, որոնք  մենք պետք է ավելի լավ հասկանանք»,-ասել է նա: