Նյարդավիրաբույժ Ջոնաթան Դագենը, որը իսրայելյան հիվանդանոցներից մեկում Շարժողական ֆունկցիաների խախտման եւ Պարկինսոնի հիվանդության բաժնի վարիչն է, ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին առաջարկել է անհապաղ դադարեցնել կարիերան:

from-ua.com-ին տված հարցազրույցում բժիշկը նշել է, որ բռնցքամարտիկը Պարկինսոնի հիվանդության ակնհայտ ախտանիշներ ունի: Այդ եզրակացությանը նա հանգել է սեպտեմբերի 10-ին Կլիչկոյի եւ Ադամեկի մարտը դիտելիս:

Նյարդավիրաբույժը նշել է, որ Կլիչկոն արդեն լեգենդ է դարձել, եւ ժամանակն է լրջորեն զբաղվել առողջության հարցերով: Բժիշկը, որպես իր խոսքերի ապացույց, նշում է այն հանգամանքը, որ մարզիկը դժվարությամբ էր կառավարում սեփական մարմինը, դա նյարդերի հետ կապված խնդիր է:

Նշանավոր մասնագետը զգուշացնում է բռնցքամարտիկին, որ հանկարծ Մուհամեդ Ալիի բախտին չարժանանա:

Իր հերթին ուկրաինացի վաստակավոր բժիշկ, Ուկրաինական մարզական կենտրոնի տնօրեն Յուրի Դեխտյարովը հայտարարել է, որ նախքան ախտորոշում կատարելը, հարկավոր է հետազոտել Կլիչկոյին (http://glavcom.ua/):

Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ է ուղեղի նեյրոնների քայքայումն ու մահացումը, դրանով սովորաբար տառապում են տարեցները, սակայն այն վերածվել է նաեւ բռնցքամարտիկների մասնագիտական հիվանդության` գլխին բազմաթիվ հարվածներ ստանալու պատճառով: Այդ հիվանդության զոհը դարձած ամենահայտնի բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է, գրում է newsru.com-ը:

Կլիչկոյի վերջին մարտը սեպտեմբերին կայացած Ադամեկի դեմ մենամարտն է, որը շահել է տեխնիկական նոկաուտով: Սակայն մարզիկը ասել է, որ մինչեւ կարիերայի ավարտը նվազագույնը երկու մենամարտ էլ դեռ անցկացնելու է, հայտնում է  «Взгляд»-ը: