Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ)  հարյուրավոր զինծառայողներ անցնող կիրակի, մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնում բողոքում էին նոր իշխանությունների դեմ` աշխատավարձերը ժամանակին չվճարելու համար: Նրանցից ոմանք սպառնացել են գահընկեց անել նոր իշխանություններին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Երիտասարդները, որոնցից շատերի մոտ զենք է եղել, փորձել են ներխուժել հյուրանոցներից մեկի շենք` կռվի բռնվելով պահակախմբի հետ:

Ապստամբները կոտրել են հյուրանոցի ապակյա դռները, նրանցից մի քանիսը օդ են կրակել:  Նրանք նաեւ ճանապարհային արգելքներ են տեղադրել փողոցներում, ինչը ավտոմեքենաների խցանում է առաջացրել, հայտնում է newsru.com-ը:

Գործակալությանը տված հարցազրույցում զինվոր Ահմեդ Համազան ասել է, որ ԱԱԽ շարքեր մտնելուց հետո ոչ մի անգամ աշխատավարձ չի ստացել, թեեւ նախապես խորհրդի ֆինանսների եւ նավթային արդյունաբերության նախարար Ալի Թարխունին երաշխավորել էր:

CNN հեռուստաընկերության եթերում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը խոստացել էր գահընկեց անել Լիբիայի նոր իշխանություններին այնպես, ինչպես վերջերս Մուամար Քադաֆիին, եթե ԱԱԽ-ն մոտ ժամանակներս չվճարի իրենց հասանելիք գումարները: Քաղաքացիական պատերազմից հետո երկրի վերականգնման փուլի մասին հայտարարած խորհուրդը դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել այս կապակցությամբ:

Խոստացված գումարները չստանալու դժգոհությունների հետ մեկտեղ, ԱԱԽ-ի շատ զինվորներ հրաժարվում են ծառայությունը շարունակել զինված ուժերում: Հոկտեմբերին Լիբիայի նոր իշխանությունների ռազմական ներկայացուցիչ Ահմեդ Բանին ասել էր, որ  հրամանատարությունը զինծառայողներին երկու մասի կբաժանի. մի մասը կծառայի ոստիկանությունում, մյուս մասը կմնա բանակում: