Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը, նոյեմբերի 9-ին, Էկոնոմիկայի եւ Առողջապահության նախարարությունների հետ կազմակերպում է ամենամյա 4-րդ միջազգային դեղագործության մրցունակության համաժողովը։

Միությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովը բաղկացած է 2 նիստից՝ «Անկախ Հայաստանի ձեռքբերումերը դեղագործության ոլորտում» եւ «Միջազգային լավագույն ձեռքբերումերը դեղագործության ոլորտում»: Ներկայացվելու է հայրենական դեղարտադրության ողջ ներուժը, առանձնահատկություններն ու առավելությունները, այն ամենը, ինչի շնորհիվ հայկական դեղարդյունաբերությունն առանձնանում է ողջ տարածաշրջանում։ Համաժողովի 2-րդ մասում օտարերկրյա միջազգային դեղագործական ընկերությունների արտերկրից ժամանած ներկայացուցիչները ներկայացնելու են իրենց «լավագույն փորձը», դեղարարության այն չափանիշներն ու որակները, որոնցով առաջնորդվում են աշխարհի առաջատար դեղարտադրողները։

Համաժողովին մասնակցելու են ավելի քան 400 բժիշկներ, դեղագետներ, գիտնականներ, փորձագետներ ամբողջ Հայաստանից։

Մասնակցություն եւ ելույթներ են ունենալու ՀՀ պետական մարմինների՝ դեղագործության ոլորտը կարգավորող ու վերահսկող օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ։

Պատվիրակություններ են ներկայանալու Եվրոպական մի շարք երկրներից, հյուրեր եւ խոսնակներ են հրավիրված ԱՊՀ տարածքի երկրներից։

Համաժողովին զուգահեռ անցկացվելու է Դեղագործական ցուցահանդես։

Համաժողովի 2-րդ օրը այցելություններ են կազմակերպված դեպի Հայաստանի տեսարժան վայրեր, հայրենական դեղարդյունաբերության խոշոր ընկերություններ՝ «Լիկվոր» եւ  «Արփիմեդ» ընկերությունների գործարաններ, տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ «Դարմանթեստ Լաբորատորիս» լաբորատորիա։