Խորհրդային Միությունը սոված եւ անգրագետ Հայաստանը վերածեց ծաղկող արդյունաբերական երկրի: Այս մասին, նոյեմբերի 7-ին, լրագրողներին հայտնեց Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«1920թ., երբ բոլշեւիկները եկան իշխանության, Հայաստանը հոգեվարքի եւ ավերակների մեջ էր: Երկիրը քայքայել էին հիվանդություններն ու քաղցը: Երեւանից ամեն օր 65-ի չափ դիակներ էին տանում:  Մի քանի տասնամյակում Հայաստանը վերածվեց ծաղկող արդյունաբերական երկրի: Սոցիալիստական շրջանում քուրայից հասանք ատոմակայանի: Գութանից` հարյուրավոր հիմնարկների ու գործարանների: Ի՞նչ է կառուցվել, ստեղծվել 1991թ.-ից հետո: Ոչինչ: Խորհրդային Միությունից հետո իշխանության եկած դուրսպրծուկներն ու արագ հարստացածները չսովորեցին ինչ-որ բան  ստեղծել: Միայն երկիրը կիսել սովորեցին`   «Այս սարն իմն է, սա էլ է իմը», ասաց Ռ. Թովմասյանը:

«Այսօր Հայաստանում չեք գտնի մի ընտանիք, որտեղ ամեն օր չխոսեն կոմունիստական ժաամանակներից: Եւ հավանաբար, ոչ գաղափարական տեսանկյունից, այլ այն բանի համար, որ մարդիկ կորցրին այն, ինչ ունեին: Կորցրին կուտակային ավանդները, աշխատանքը, վաղվա օրվա հանդեպ վստահությունը: Խորհրդային Միությունը դուր չի գալիս միայն նրանց, ովքեր այսօր ուտում եւ խմում են իրենց չվաստակած փողերով», - հավելեց նա:

«Խորհրդային Միությունում, որը ոմանց այդքան դուր չի գալիս, ուսանողների 90%-ը կրթաթոշակ էին ստանում, իսկ 70%-ն ավարտելուն պես աշխատանքի էր անցնում: Իսկ հիմա՞: Տաղանդավոր երեխան ընդունվում է ինստիտուտ, իսկ նրան ասում են` դասախոսության չգաս, հայրդ վճարելու  փող չունի: Իսկ ընտրություններից առաջ յոթ տասնյակից ավելի կուսակցությունները բարձրաձայն կխոսեն  «սոցիալական արդարության անհրաժեշտության» մասին. ընդ որում` առաջինը կխոսեն նրանք, ովքեր ավելի խորն են խրված կոռուպցիայի մեջ», - ասել է Ռ. Թովմասյանը: