Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կուրբան բայրամի տոնական նամազին մասնակցելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը՝ անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի ինքնավարության առաջնորդի հետ իր վերջին հանդիպմանը, նշել է, թե իրենք կրկին հիշեցրել են, որ եթե Հյուսիսային Իրաքի տեղական իշխանությունները չլուծեն PKK-ի խնդիրը, Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի։ «Ոչ ոք թող չմտածի, թե մեր անվտանգության ուժերը զենքերը վայր կդնեն։ Եթե կան որոշները, ովքեր պետք է զենքերը վայր դնեն, դրանք ահաբեկիչներն են։ Կարող եմ ասել, որ եթե նրանք զենքերը վայր դնեն, շատ բաներում դրական զարգացումներ կլինեն։ Պայքարի տեղը խորհրդարանն է։ Եթե ցանկանում են պայքարել, թող այնտեղ պայքարեն»,-ասել է Էրդողանը։




























