«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 7-ին բացվել է նոր ուղեւորական համալիրի թռիչքների սրահը: Առաջինը թռչել են Երեւան-Սանկտ-Պետերբուրգ թռիչքուղու ուղեւորները: Թռիչքուղու առաջին ուղեւորին օդանավակայանի ղեկավարությունը շնորհել է հարյուր դոլար արժողությամբ հավաստագիր` Dutyfree-ի եւ բիզնես կենտրոնի ծառայություններից օգտվելու նպատակով:
Նոր սրահը կարող է տարեկան սպասարկել 3,5 միլիոն ուղեւորի: Նոր համալիրի տարածքը կազմել է 34 հազար քառակուսի մետր, իսկ շինարարության համար հատկացվել է 160 միլիոն դոլար: Համալիրն ունի երկհարկանի ավտոկայանատեղի` նախատեսված 6 հարյուր ավտոմեքենայի համար: Համալիրը սպասարկում են 50 ընկերություն եւ հազար 5 հարյուր աշխատակից:
American International Airport ընկերության նախագահ Էդուարդո Էրնեկյանը լրագրողներին հայտնել է, որ մոտ ապագայում կառուցվելու է նաեւ հյուրանոց. «Հայաստանին անհրաժեշտ լավագույնը, եւ մենք փորձում ենք դա ապահովել: Օդանավակայանը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը ամբողջ աշխարհում եւ կգրավի նոր զբոսաշրջիկների»: Նա նաեւ հավելել է, որ վերջին 10 տարվա ընթացքում աշխարհում կառուցվել է 12 օդանավակայան, որոնց շարքում «Զվարթնոցը» զբաղեցնում է 3-րդ տեղը:




























