Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին փաստաբանները միջնորդեցին Ասատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ քրեական վարույթը կարճել։
«Սերգեյ Ասատուրովն ի՞նչ կապ ունի մեղսագրվող հանցանքի հետ։ Նրա դեմ չկա ցուցմունք։ Թեւանցուկ քայլելու համար է նրան մեղադրանք առաջադրվել։ Առանց դատաքննության Ասատուրովի մասով հետապնդումը խնդրում եմ դադարեցնել»,- իր խոսքում նշեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Ասատուրովը համաձայն լինելով փաստաբանների միջնորդության հետ՝ նշեց.
«Այս ակցիայի ժամանակ ինձ ինչո՞ւ բերման չէիք ենթարկել, թողել էիք ինձ փողոցում։ Ես ի՞նչ եմ արել, որ չէր թույլատրվում»։
Դատարանը միջնորդությունը մերժեց, նշելով, որ այս փուլում կարճելու հիմքեր չկան:
Նշենք, որ այսօրվա նիստում ներկայացվել է դատախազ Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու մասին միջնորդություն, ինչը դատարանը մերժել է։ Որպես միջնորդության հիմք փաստաբանները ներկայացրել են այն, որ Դանիելյանը նախկինում Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին որպես տուժող պաշտպանել է մեղադրանքը։ Դատախազը հրաժարվել է խոսել իր և Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ հարաբերություններից։





























