Պետությունը պետք է մշակի աջակցության միջոցներ, որպեսզի զարգացնի կապիտալի շուկան եւ աստիճանաբար շեշտը տեղափոխի ֆինանսավորման դասական ձեւերից, որոնցից ներկա պահին օգտվում են շուկայի մասնակիցները, կապիտալի շուկայի կողմից ֆինանսավորման ապահովման հնարավորության վրա։ Այս մասին մարտի 5-ին ներդրումային-ֆինանսական համաժողովում ասել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Նա նշել է, որ առայժմ վաղ է խոսել զանգվածային տեղաշարժի մասին կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, քանի որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Տերյանը նշել է, որ Հայաստանում ընկերությունները միջոցներ են ներգրավում դասական գործիքներով՝ բանկային վարկավորում կամ գործընկերների ներգրավում։ «Այս առնչությամբ մենք տեսնում ենք կապիտալի շուկայի զարգացման պայմանների ստեղծման անհրաժեշտություն։ Պակաս կարեւոր չէ կապիտալի շուկայի հանդեպ ներդրողների վստահության ամրապնդումը, ինչը կարեւոր գործոն է ֆինանսավորման ներգրավման համար»,- ավելացրել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ վստահության մակարդակի բարձրացումը կնպաստի հավաստի տեղեկության թափանցիկության ու հասանելիության բարձրացմանը, ինչպես նաեւ երկարաժամկետ համագործակցության հաստատմանը։ «Կարեւոր է, որպեսզի կապիտալի շուկա դուրս գան դրան պատրաստ ընկերություններ, որոնք կստեղծեն կորպորատիվ կառավարման որակյալ համակարգ։ Մենք նախատեսում ենք ներդնել աջակցության ծրագրեր այն ընկերությունների արժեթղթերի շուկա դուրս գալու համար, որոնք իրականացնում են գործունեություն երկրի համար հեռանկարային ճյուղերում։ Կարեւոր է նաեւ բարձրացնել կրթության մակարդակը բնակչության շրջանում, կապիտալի շուկայի ոլորտում»,- ամփոփել է Նարեկ Տերյանը։