Յակուտիացի օդաչուն եւ ուղեկցորդուհին թմրանյութ ծխելուց հետո բարձրացել են ինքնաթիռ` մտադրվելով այդ վիճակում 192 ուղեւորներով չվերթ իրականացնել:
Մագադանի օդանավակայանի բժշկական վեահսկողական ծառայությունը թռիչքի հրամանատարին, ուղեկցորդուհուն, ինչպես նաեւ սպասարկող ողջ անձնակազմին հեռացրել է «Մագադան-Մոսկվա» չվերթից` ինչ-որ բան կասկածելով: Օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի եւ ուղեկցորդուհու պահվածքը բժիշկների մեջ կասկած է հարուցել` արագացած զարկերակ, բարձր ճնշում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Դեպքը պատահել է հոկտեմբերի 21-ին, բայց քիմիա-թունաբանական հետազոտությունների արդյունքները ստացվել են նոյեմբերի 8-ին. անձնակազմի հրամանատարի եւ ուղեկցորդուհու արյան մեջ մարիխուանայի օգտագործման հետքեր են հայտնաբերվել:
Ինքնաթիռում 192 ուղեւոր է գտնվել: Մագադանից նրանց Մոսկվա է հասցրել փոխարինող անձնակազմը: Ինքնաթռը 12 ժամ ուշացումով է ժամանել: Բոլոր տվյալները փոխանցվել են Մագադանի տրանսպորտային դատախազությանը եւ Ռուսաստանի Մագադանյան շրջանի Անվտանգության դաշնային ծառայությանը: «Յակուտիա» ավիաընկերությունը ներքին հետաքննություն է անցկացնում, հայտնում է NEWSru-ն:
























