Երեւանի կենտրոնում չպետք է կառուցվի 50 հարկանի շինություն: Այդ մասին նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով, նման կառույցը ամբողջովին խեղելու է քաղաքի ճարտարապետությունը:
Շինարարությունը նախատեսվում է իրականացնել քաղաքի կենտրոնում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում` 2,5 հազար քառակուսի մետրի տարածքում, իսկ իրանական «Դիդաս» ընկերությունը դառնալու է նախագծի գլխավոր ներդրողը:
«Սխալն այն է, որ 90-ական թվականներին այդ տարածը վաճառվել է իրանական «Մելեթ» բանկին, իսկ այնուհետեւ փոխանցվել է իրանական ընկերություններից մեկին»,-ասել է Մինասյանը:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է խոչընդոտել նախագծի իրականացմանը, ոչ միայն էսթետիկ նկատառումներով, այլ նաեւ քաղաքի անվտանգության տեսանկյունից: «Նման բարձրության շենքը սեյսմիկ մեծ վտանգ է ներկայացնում»,-նշել է Մինասյանը:
Նշենք, որ ավելի վաղ շենքի նախագիծը ներկայացել է Երեւանի քաղաքապետարանին: Այդուհանդերձ, Մինասյանը նշում է, որ սկզբնապես նախատեսվում էր 20 հարկանի շենքի կառուցումը: «Այժմ նախատեսվում է նոր նախագիծ, եւ պետք է դրա վրա սեւեռել հասարակության ուշադրությունը»,-հայտարարել է Մինասյանը:



























