Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ Ինտեր ՌԱՕ ԵԷՍ կատարել է հայկական ատոմակայանի հանդեպ իր պարտավորությունը, եւ պայմանագրային պարտավորությունների հետագա կատարումը կրում է ընդամենը ձեւական բնույթ:
Նախարարությունը նշում է, որ պայմանագրի գործողության ավարտը (2013թ.) չի ազդի ընկերության աշխատանքի վրա, քանի որ թե պայմանագրի ընթացքում, թե դրա ավարտից հետո ընկերության փաստացի կառավարումն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը:
Նախարարությունը նշում է, որ 2003-ին ՀԱԷԿ-ը վառելիքի մատակարարումների դիմաց ռուսական ընկերություններին պարտք է եղել 40 մլն դոլար: Երկարատեւ բանակցություններից հետո պարտքի մարման գրաֆիկ է կազմվել, եւ որպես դրա կատարման երաշխիք ռուսական կողմը պահանջել է ՀԱԷԿ ֆինանսական շարժի վերահսկողությունը: Արդյունքում Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ին են տրվել ֆինանսների կառավարումը, եւ ընկերությունը մարել է պարտքը ՏՎԵԼ կոնցեռնին, ՀԱԷԿ-ից հետագայում այդ միջոցները ստանալու պայմանով: Կայանը պարտքը մարել է ժամկետին, ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ kommersant.ru-ն գրել էր, թե Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ը դժգոհ է հայկական ԱԷԿ-ը ղեկավարելու պայմաններից եւ մտադիր է ժամկետից շուտ խզել պայմանագիրը:




























