Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 30-ին, այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցի, որտեղ մասնակցեց եկեղեցու բակում Մանթաշեւի կիսանդրիի բացման արարողությանը։
Ալ. Մանթաշեւի աճյունը վերահուղարկավորվել է Սուրբ Էջմիածնի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում։ Նախկինում Մանթաշեւի աճյունը հանգչել է Վանք կոչվող եկեղեցու տարածքում, սակայն այն քանդելուց հետո, աճյունը տեղափոխվել է այստեղ։
Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ Սամվել քահանա Թորոսյանը տեղեկացրեց, որ եկեղեցին վերանորոգվել է 2006-2010 թվականներին, իսկ վերաբացումը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ամռանը՝ Գարեգին Բ-ի Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում։ Եկեղեցին վերանորոգվել է Վրաստանի եւ Արգենտինայի հայկական համայնքների միջոցներով։
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին կառուցվել է 1805 թվականին թիֆլիսահայ մեծահարուստ Նախշունյան ընտանիքի կողմից։ Ներկայումս այն առաջնորդանիստ եկեղեցի է, եւ այս պահին Թբիլիսիում գործող հայկական երկու եկեղեցիներից մեկն է։ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գեւորգ եկեղեցուն կից գործում է «Հայարտուն» մշակութային կենտրոնը։
Ի դեպ, Վանք եկեղեցու փոխարեն հիմա գործում է Թիֆլիսի թիվ 104 միակ հայկական դպրոցը։



























