Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Իրականում Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներ միջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև մեկ տոկոս կամ մեկ տոկոսից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն բավարարում, եթե հունվարի 1-ից մենք անցնում ենք ամբողջությամբ նոր համակարգի», - նշեց նա:

Ավինյանն ընդգծեց, որ այսօրվա թվերով նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր է՝ խնդրելով հունվարի 1-ին պատրաստ լինել։

«Պարոն Գրիգորյան, խնդրում եմ միասին քննարկեք՝ ինչպես եք անում, որ այս թվերը կտրուկ սկսեն աճել», - եզրափակեց նա:

Հիշեցնենք` Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը երկու անգամ հետաձգվել է։

Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։ Ավելի ուշ քաղաքապետարանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար։