Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ փոփոխություններ են անհրաժեշտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը մասնակցում էր Մյուռոնօրհնեքի արարողությանը։
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հաշվի առնելով Արցախի կորուստը, նաեւ այն մարտահավերները, որոնք առկա են, գոյություն ունեն, կարծում եմ, որ ինճ-որ փոփոխություններ պետք է անել քաղաքականության մեջ, որպեսզի չեզոքացվեն բոլոր մարտահրավերները»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի կորստին՝ Փարսյանը նշեց, որ նաեւ այսօրվա իշխանություններն են մեղավոր Արցախի կորստի մեջ։
«Ես կարծում եմ, որ Արցախի կորուստը կապված է այսօրվա իշխանությունների հետ: Արցախի հետ խնդիրները փաստացի առաջացել են 2020 թվականի պատերազմի արդյունքում, մենք ունեցել ենք պարտություն, որը ունեցել է լուրջ հետեւանքներ: Վերջիվերջո, պետք է ասենք և ընդունենք այն հանգամանքը, որ Արցախը հայաթափվեց 2023 թվականին՝ գործող իշխանությունների օրոք»,- ասաց Փարսյանը:
Անդրադառնալով Սյունիքում տիրող անվտանգային խնդիրներին՝ Գևորդ Փարսյանը բավականին լուրջ գնահատեց երեք կողմից ադրբեջանցիներով շրջապատված Ներքին Հանդում տիրող իրավիճակը:
«2022 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունների հետեւանքով Կապանի վարչական շրջանից 2700 հեկտար հողատարածք օկուպացվեց Ադրբեջանի կողմից: Ներկայումս Ներքին Հանդի կենսական նշանակության ռեսուրսները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության ներքո՝ այդ թվում խոտհարքներ, վարելահողեր, խմելու ջրի ռեսուրսը, գերեզմանոցը, եթե ավելի կոնկրետ ասեմ, Ներքին Հանդից մնացել է միայն բնակելի հատվածը»,-ասաց նա:











