Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները սուլել են պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետևից, հայտնում է «Эхо Кавказа»-ն:
Քաղաքական գործիչն, ըստ ամենայնի, մնացել է նույն հյուրանոցում, որտեղ հանրահավաքի մեկնարկից առաջ տեղի է ունեցել ընդդիմության առաջնորդների հանդիպումը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Վիկտոր Օրբանը, որը «Վրացական երազանքին» շնորհավորել էր հաղթանակի կապակցությամբ դեռևս ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից առաջ, երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել։ Օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին։
Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, կառավարության աշխատակազմի շենքում տեղի կունենա Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այնուհետև Վրաստանի և Հունգարիայի վարչապետները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Օրբանը Թբիլիսիում «Եվրամիությունը չի ներկայացնում»։




























