Եվրամիությունը նախատեսում է ավելի քան 120 մլն եվրոյի գումարը, որը հատկացված էր Վրաստանի կառավարության համար, վերուղղորդել այլ նպատակների։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսում, որը տրվել է Բրյուսելում, ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակում, տեղեկացրել է DW-ն։

Արձագանքելով այն բանին, որ հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը հաստատել է, որ «ներկա կառավարության օրոք երկիրը հեռացել է դեմոկրատիայից», ԵՄ-ը զրոյացրել է Վրաստանի Զինված ուժերի աջակցությունը Խաղաղության եվրոպական ֆոնդի գծով, ինչպես նաեւ չեղարկել է 121 մլն եվրոյի հատկացումը անմիջապես Վրաստանի կառավարությանը, նշել է Բորելը։ Այդ միջոցները կվերուղղորդվեն «այն ծրագրերին, որոնք օգուտ են բերում քաղաքացիական հասարակությանը եւ հենց վրացի ժողովրդին», նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Ընտրություններում տեղի ունեցածը մանրամասն ուսումնասիրելու» համար Բրյուսելը Վրաստան կուղարկի քաղաքական առաքելություն, իսկ ընտրություններում տեղի ունեցած խախտումների գնահատականի համար կհրավիրվի Վրաստանում ընտրությունների դիտարկման բյուրոյի ղեկավարը Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյից։

«Վրացական երազանքի» ղեկավարները երկիրը դուրս են հանել Եվրամիության ուղուց՝ հակառակվելով վրացի ժողովրդի ձգտումներին եւ երկրի՝ ԵՄ ուղղությամբ շարժվելու նպատակներին։ Մենք բոլորս Վրաստանի համար ցանկանում ենք նույնը՝ վերադարձնել նրան եվրոպական ուղի,- ընդգծել է Ժոզեպ Բորելը։- Վրացի ժողովրդին ցանկանում եմ կրկնել այն, ինչ ասել եմ անցած տարի Վրաստան կատարած այցիս ժամանակ. Եվրոպական միության դուռը բաց է մնում Վրաստանի համար»։