Ուկրաինան ունի Trizub կոչվող լազերային զենք, որը կարող է օդային թիրախներ խփել ավելի քան 2 կիլոմետր բարձրության վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար, գնդապետ Վադիմ Սուխարևսկին։
«Այսօր կարելի է ասել, որ Ուկրաինան դարձել է, եթե չեմ սխալվում, հինգերորդ երկիրը աշխարհում, որն ունի լազերային զենք։ Այս պահին մենք արդեն կարողանում ենք նրա օգնությամբ ինքնաթիռներ խփել ավելի քան 2 կիլոմետր բարձրության վրա»,- Սուխարեւսկու խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Գնդապետը նշել է, որ անօդաչու համակարգերի ուժերն աշխատում են այդ զինատեսակների հնարավորությունները մեծացնելու և ընդլայնելու ուղղությամբ: «Սա իրական գոյություն ունեցող եւ աշխատող համալիր է»,- ընդգծել է նա։
Ապրիլին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շափսը հայտարարել էր, որ Լոնդոնը ծրագրում է արագացնել DragonFire հեռահար լազերային զենքի տեղակայումը Ուկրաինա տեղափոխելու համար: Համակարգն ի սկզբանե պետք է գործարկվեր 2027 թվականին, սակայն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ավելի վաղ ավարտել այս գործընթացը։
Սրանից քիչ առաջ բրիտանական պաշտպանության գերատեսչությունը հրապարակել էր DragonFire-ի փորձարկումների տեսանյութը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Ներկայացված նյութում ցուցադրվել է համակարգի օգտագործման մոդելը՝ լազերը անջատում է նավակը, կուրացնում մի անօդաչու թռչող սարք և ոչնչացնում մյուսը։





























