Շաբաթ վաղ առավոտյան ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է օրենք ծախսերի մասին՝ հերթական անգամ կանխելով կառավարության շաթդաունը, տեղեկացրել է Reuters-ը։

Սենատը, որը դեռեւս վերահսկվում է դեմոկրատների կողմից, ընդունել է կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրինագիծը 85 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ, կեսգիշերին դրա ժամկետի ավարտից 38 րոպե անց: Կառավարությունը միջանկյալ ժամանակահատվածում չի դիմել աշխատանքի կասեցման ընթացակարգերի։ Այժմ օրինագիծը կուղարկվի Սպիտակ տուն, որտեղ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այն որպես օրենք:

Ավելի վաղ փաթեթը անցել էր հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատ՝ երկկուսակցական աջակցությամբ: Գիշերվա քվեարկությունն ավարտել էր լարված շաբաթը, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա միլիարդատեր դաշնակից Իլոն Մասկը ձախողեցին երկկուսակցական նախնական համաձայնագիրը՝ թողնելով Կոնգրեսը իրարանցման մեջ:

Կոնգրեսը չի կատարել Թրամփի պահանջը՝ բարձրացնել պարտքի շեմը, որը քաղաքականապես դժվար խնդիր է: Անցյալ տարի դաշնային կառավարությունը ծախսել է մոտ 6,2 տրլն դոլար եւ ունի ավելի քան 36 տրլն դոլար պարտք, Կոնգրեսը պետք է թույլատրի հետագա փոխառությունները մինչեւ հաջորդ տարվա կեսը:

Օրենսդիրները կերկարաձգեն կառավարության ֆինանսավորումը մինչեւ մարտի 14-ը, 100 մլրդ դոլար կտրամադրվի աղետից տուժած նահանգներին եւ 10 մլրդ դոլար՝ ֆերմերներին, կերկարաձգի գյուղատնտեսության եւ պարենային աջակցության ծրագրերը, որոնք ավարտվում են տարվա վերջին: Որոշ հանրապետականներ դեմ են քվեարկել փաթեթին, քանի որ այն չի ներառում ծախսերի կրճատում: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ կուսակցությունն ավելի մեծ ազդեցություն կունենա հաջորդ տարի, երբ նրանք մեծամասնություն ունենան Կոնգրեսի երկու պալատներում, իսկ Թրամփը կլինի Սպիտակ տանը:

Կառավարության աշխատանքի դադարեցումը կխաթարեր բոլոր ծառայությունները՝ սկսած իրավապահ մարմիններից մինչեւ ազգային այգիներ, եւ կհանգեցներ միլիոնավոր դաշնային ծառայողների աշխատավարձերի չվճարմանը: Զբոսաշրջության առեւտրային խումբը նախազգուշացրել է, որ դա կարող է ավիաընկերություններին, հյուրանոցներին եւ այլ ընկերությունների շաբաթական 1 մլրդ դոլար արժենալ եւ լայնածավալ խանգարումներ առաջացնել Սուրբծննդյան սեզոնին: Իշխանությունները նախազգուշացրել են, որ ճանապարհորդները կարող են երկար հերթեր կանգնել օդանավակայաններում: