Իսպանիայի կառավարությունը տարեկան կեցության և աշխատանքի թույլտվություն կտրամադրի շուրջ 25 հազար օտարերկրացիներին, որոնք տուժել են անցյալ տարվա հոկտեմբերին երկրի արևելյան հատվածում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից:
Իսպանիայի կաբինետի հաստատած արտակարգ միջոցառումը նպատակ ունի թեթևացնելու թղթաբանությունը նրանց համար, ովքեր անօրինական են ապրում ջրհեղեղներից տուժած տասնյակ քաղաքներում, հիմնականում Վալենսիայի շրջանում: Դա կառավարության վերականգնման և վերակառուցման ծրագրի մի մասն է՝ ի պատասխան 227 մարդու կյանք խլած և անթիվ տներ ու ձեռնարկություններ ավերած հոկտեմբերի 29-ի տարերային աղետի:
Դրա մասին առաջինը հայտնել է իսպանական El País պարբերականը, իսկ Associated Press-ին հաստատել է ինտեգրման, սոցիալական ապահովության և միգրացիայի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հորդառատ անձրևներից ջրհեղեղների հետևանքով առաջացած քաոսը հանգեցրել է նրան, որ շատ ներգաղթյալներ չեն կարողացել բավարարել Իսպանիայում օրինական ապրելու, սովորելու և աշխատելու համար անհրաժեշտ պահանջները:
Նմանապես, շատ գործատուներ չեն կատարել բյուրոկրատական ընթացակարգերը, որոնք պահանջվում են օտարերկրյա աշխատողներ վարձելու համար:
Նոր տարեկան թույլտվությունները կտրամադրվեն «անսպասելի բացառիկ հանգամանքների» կապակցությամբ, սակայն կարող են մերժվել, եթե առկա են հասարակական կարգի, անվտանգության կամ առողջությանն առնչվող մտահոգություններ, զգուշացրել են նախարարությունից։ Բացի դրանից, ջրհեղեղի ժամանակ հարազատներին կորցրած օտարերկրացիներին բնակության հնգամյա թույլտվություն կտրամադրվի։





























