Չնայած ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, Կրեմլը շարունակում է զենքի արտադրության տեխնոլոգիաներ և նյութեր ստանալ։ Ինչպես պարզել են լրագրողները, «Իսկանդեր» հրթիռների արտադրության հիմնական քիմիական նյութերը կարող էին Ռուսաստան մատակարարվել գերմանական UrSeCo Handels GmbH & Co ընկերության միջոցով:
Բելառուսական քննչական կենտրոնի տվյալներով՝ ռուսական հրթիռները պարունակում են արևմտյան սարքավորումներ և քիմիական ռեակտիվներ օգտագործող բելառուսական Integral ընկերության արտադրած միկրոչիպեր։ Առանցքային բաղադրիչներից է բարձր մաքրության աղաթթուն, որի մատակարարումը Գերմանիայից Ռուսաստան ուղղակիորեն արգելված է պատժամիջոցներով։ Սակայն գերմանական UrSeCo Handels GmbH & Co-ն սահմանափակումները շրջանցելով Ղազախստանի միջոցով շարունակել է քիմիկատների մատակարարումը:
Լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ 2022 թվականի հունիսին գերմանական ընկերությունը 860 կիլոգրամ աղաթթու է ուղարկել նախ Չինաստան, ապա Ղազախստան։ Ընդ որում, բացարձակապես նույն քանակությամբ նյութ է ներկրվել նաև Ռուսաստան։ Ըստ BILD հանդեսի ձեռք բերած փաստաթղթերի՝ քիմիական նյութերն այնուհետև ճանապարհ են ընկել Բելառուս, որտեղ դրանք օգտագործվում են ռուսական հրթիռների համար նախատեսված միկրոչիպերի արտադրության մեջ:
UrSeCo Handels GmbH & Co-ն հերքում է մեղադրանքները և պնդում, որ պատժամիջոցները չի խախտել։
«Մենք միշտ հետևել ենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ գործող պատժամիջոցներին»,-Bild-ին հայտնել են ընկերությունից։




























