Եվրահանձնաժողովը ծանուցել է Կիևին, որ Միացյալ Նահանգների հետ ռեսուրսային համաձայնագիրը պետք է վերլուծվի ԵՄ-ի հանդեպ Կիևի պարտավորությունների կատարման տեսանկյունից՝ անդամակցության գործընթացի շրջանակում։
Դրա մասին Բրյուսելում անցկացված ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։
«Ուկրաինային տեղեկացվել է, որ նման համաձայնագիրը կպահանջի վերլուծություն ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների տեսանկյունից, մասնավորապես՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների համատեքստում», -ասել է նա։
Նա ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը «բաց է Կիևին խորհրդատվություն տրամադրելու համար»՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքման հետևանքների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, «Ուկրաինայից այս թեմայով որևէ կոնկրետ հարցում չի ստացվել»։
Նա միաժամանակ հրաժարվել է մեկնաբանել այն պնդումները, ըստ որոնց համաձայնագիրը գործնականում կնշանակի Ուկրաինայի բոլոր ռեսուրսների փոխանցումը Միացյալ Նահանգների վերահսկողությանը:





























