Մայիսի 9-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան առաջարկել է իր թեկնածությունը որպես միջնորդ Ուկրաինայի հետ հնարավոր բանակցություններում։ Այս մասին հայտնել է CNN Brasil հեռուստաալիքը՝ հղում կատարելով հարավամերիկյան հանրապետության ղեկավարի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո Ամորիմին։

Նշվել է, որ բանակցությունների ընթացքում Լուլա դա Սիլվան քննարկել է Պեկինի եւ Բրազիլիայի համատեղ ջանքերով նախապես պատրաստված առաջարկները, ինչպես նաեւ «առաջարկել է իր օգնությունը՝ որպես միջնորդ»։ Ամորիմը նաեւ ավելացրել է, որ Բրազիլիայի ղեկավարության դիրքորոշումը մոտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը` նպաստել բանակցային գործընթացի հնարավորինս շուտ մեկնարկին:

Դիվանագետն ավելացրել է, որ ԵՄ-ը եւս պետք է հիմնարար դեր խաղա խաղաղ կարգավորման բանակցություններ սկսելու գործում, ինչը թույլ կտա համայնքին ավելի մեծ ուշադրություն դարձնել ներքին խնդիրներին, ինչպիսիք են միգրացիան եւ սոցիալական ապահովությունը: Միեւնույն ժամանակ, Բրազիլիայի ղեկավարի օգնականը հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին»։