Ադրբեջանը չի մտադրվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ իր անընդհատ աճող պահանջներից։ Դրա մասին է վկայում ՀՀ վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության կտրական տոնը։

«Բաքվի պահանջը՝ փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը, որը սպառնալիքներ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար, օրինական է և մնում է խաղաղության համաձայնագրի պայման», - ըստ Спутник-ի՝ ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունում։

Նախորդ օրը Փաշինյանն ադրբեջանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի գործող սահմանադրությունը  հարևանների նկատմամբ որևէ տարածքային պահանջ չի պարունակում: 

«ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ուղղված ուղղակի սպառնալիքներ պարունակող փոփոխությունները խաղաղություն հաստատելու հիմնական պայմանն են, և դա պահանջելը Ադրբեջանի օրինական իրավունքն է»,- նշել է նախարարությունը։

Գերատեսչությունը նշել է, որ իր հայտարարությամբ վարչապետը «կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը ադրբեջանա-հայաստանյան խաղաղության գործընթացի հարցում»։

«Վարչապետի փորձերը՝ արդարացնելու իր հայտարարությունները՝ հղում անելով սահմանադրական դրույթին, որը վերաբերում է Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերին տեղական օրենքների նկատմամբ գերակայությանը, բացարձակապես անհիմն են։ Պարզապես նայեք ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածին։ Հենց այս դրույթի համաձայն է, որ ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, և միջազգային պայմանագրի գերակայության մասին դրույթը, որին հղում է անում վարչապետը, որևէ կապ չունի Սահմանադրության հետ», - ասված է հայտարարության մեջ։

«ՀՀ վարչապետի այն տրամաբանությունը, որ խնդիրները կարելի է անտեսել, ցույց է տալիս, որ այս երկիրը հետաքրքրված չէ կայուն խաղաղությամբ և փորձում է պահպանել պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիան վերսկսելու համար։ Ավելին, Հայաստանի փորձերը՝ դիմադրելու անցյալի հակամարտության մնացորդ հանդիսացող Մինսկի խմբի պաշտոնական լուծարմանը և գործընթացը խաղաղության համաձայնագրի հետ կապելու ցանկությունը ցույց են տալիս այս երկրի թաքնված օրակարգի գոյությունը Ադրբեջանի դեմ», - եզրակացրել է գերատեսչությունը։

Հիշեեցնենք, որ կողմերը ավելի վաղ հայտարարել էին, որ համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Դրանից հետո արդեն Բաքուն սկսեց նոր պահանջներ առաջ քաշել, որոնք գործնականում անհնար էր իրականացնել տեսանելի ապագայում։