Թուրքական Ալանիա հանգստավայրի մոտակայքում Միջերկրական ծովի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի և սպառնում է ծովային բուսական և կենդանական աշխարհին: Միջերկրածովյան համալսարանի դոցենտ Գուրայ Դողանի խոսքով՝ ջրի հետ շփումը կարող է տեղի բնակչության մոտ փսխում, սրտխառնոց և ջերմություն առաջացնել:
Նրա խոսքով՝ Ալանիայի և Գազիփաշայի շրջանի մոտ ծովի էկոլոգիական հավասարակշռության խախտումը պայմանավորված է ոչ միայն զբոսաշրջային ակտիվությամբ, այլև գյուղատնտեսական արտադրանքի թափոններով, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով, ինչի հետևանքով ծովի ջրում միկրոբների քանակն ավելանում է։ «Բացի այդ, ծովային էկոհամակարգին սպառնում են լողափերից և նավակներից եկող թափոնները, ինչպես նաև պլաստիկի չափից ավելի օգտագործումը»,- գիտնականի կարծիքը մեջբերում է Yeni Alanya թերթը։
Դողանը նշել է, որ միայն շրջակա միջավայրի ինժիներիան բավարար չէ ծովային աղտոտման դեմ պայքարելու համար։ «Զբոսաշրջության ոլորտը և գյուղատնտեսությունը պետք է համատեղ աշխատեն։ Եթե մենք այսօր միջոցներ չձեռնարկենք, ապա հաջորդ տարի կարող է շատ ուշ լինել», - ընդգծել է նա։
Բնապահպանները կարծում են, որ անհրաժեշտ է, ի թիվս այլ բաների, ամրապնդել թափոնների կառավարման համակարգերը, ստեղծել համատեղ ստուգման ծրագրեր զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև տարածել կրթական ծրագրեր Անթալիայի նահանգում, որի մեջ մտնում է նաև Ալանյան։ Դա կարվի քաղաքացիների շրջանում շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։





























