Հռոմի Լևոն XIV պապը ծրագրում է այցելել Լիբանան, չորեքշաբթի հայտարարել է երկրի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյան, շեշտելով, որ դա կարող է լինել համաշխարհային եկեղեցու նոր առաջնորդի՝ Իտալիայի սահմաններից դուրս առաջին այցը։

Հռոմի պապը Լիբանան կայցելի մինչև դեկտեմբեր, Al Arabiya հեռուստաընկերությանը հայտնել է Կարդինալ Բեչարա Ռայը։

3,5 միլիոն ծխական ունեցող մարոնիների կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ռայը այցի կոնկրետ ամսաթիվ չի նշել, բայց նշել է, որ «նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»։

Խնդրին ծանոթ լիբանանցի պաշտոնյան հաստատել է, որ բանակցություններ են ընթանում այս տարվա վերջին այցի համար, չնայած ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված չէ։ Միացյալ Նահանգներից Հռոմի առաջին պապին աշխարհի կաթոլիկ կարդինալներն ընտրել են մայիսի 8-ին՝ փոխարինելու հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը ծրագրել էր այցելել Լիբանան, բայց առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել դա անել։

Ըստ Վատիկանի վիճակագրության՝ Լիբանանում կա ավելի քան երկու միլիոն կաթոլիկ։

Վատիկանի ներկայացուցիչը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, Reuters-ին, հաստատել է որ ուղևորությունը ծրագրված է և նշել, որ այն կարող է լինել շրջագայության մի մասը, որը կներառի նաև Թուրքիան։

Նախատեսվում է, որ Հռոմի պապը կայցելի Թուրքիա նոյեմբերի վերջին՝ Նիկիայում (այժմ՝ Իզնիկ) անցկացված վաղ եկեղեցական խոշոր ժողովի 1700-ամյակի շրջանակում։

Այս ամսվա սկզբին Լիբանանին ուղղված իր ուղերձում Հռոմի պապը հիշատակել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած զանգվածային քիմիական պայթյունի հինգերորդ տարելիցը, որը խլել է 200 մարդու կյանք և միլիարդավոր դոլարների վնաս պատճառել։

«Թանկագին և տառապալից Լիբանանը մեր աղոթքների կենտրոնում է»,- ասել է Հռոմի պապը։