Հարազատներից փախած չեչենուհի Սեդա Սուլեյմանովային, որին 2023 թվականին ձերբակալել էին Պետերբուրգում և ուղարկել Չեչնիա, թերևս, սպանել և թաղել են իր հայրենի գյուղում։ Այս մասին «Дождь» հեռուստաալիքին հայտնել է «СК SOS» ճգնաժամային խմբի տնօրեն Դավիդ Իստեևը։
Այն տեղեկությունները, որ Սուլեյմանովան, հավանաբար, սպանվել է, իրավապաշտպանները ստացել են անանուն աղբյուրներից։
«Այս տեղեկատվությունը ստացվել է մի քանի անկախ աղբյուրներից, որոնք կարող են նման տեղեկատվության հասանելիություն ունենալ Սեդայի հարազատներից, ընտանիքի բարեկամներից կամ այլ մտերիմ անձանցից։ Մենք չենք կարող այն ստուգել, սակայն այս տեղեկատվությունը բավականին հավաստի ենք համարում», - ասվում է «СК SOS»-ի տելեգրամյան ալիքում։ Միևնույն ժամանակ, իրավապաշտպանները նշում են, որ այս տեղեկությունները կարող են նաև ասեկոսեներ լինել։
Ճգնաժամային խմբի աղբյուրները պնդում են, որ Սուլեյմանովային սպանել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի զինակից և տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի հրամանով։ Ըստ «СК SOS»-ի, Սուլեյմանովային թաղել են Ալխան-Յուրտ գյուղում՝ «գերեզմանատնից դուրս, շան պես, ճանապարհի եզրին»։
«СК SOS»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Միրոշնիկովան «Дождь»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը «միանգամայն վստահ է» Սուլեյմանովայի մահվան մեջ. «Ես որևէ տարբերակ չեմ տեսնում, որի դեպքում նա դեռ կենդանի լիներ»։
Ռեպորտաժի հեղինակ, լրագրողուհի Վալերիա Կիրսանովան նշել է, որ առայժմ անհնար է օրինական ճանապարհով ստուգել գերեզմանատան մոտ Սուլեյմանովայի մարմնի հուղարկավորության մասին տեղեկատվությունը։