Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նախարարների կաբինետի նիստում չի հաջողվել հասնել Իսրայելի դեմ պատժամիջոցների սահմանմանը, ինչը թուլացրել է երկրի առանց այն էլ փխրուն ժամանակավոր կառավարությունը, գրում է The Guardian-ը։

Վելդկամպի գործընկերները՝ «Նոր հասարակական պայմանագիր» (NSC) կենտրոնամետ կուսակցությունից, նույնպես լքել են իրենց պաշտոնները, երբ ուրբաթ ուշ երեկոյան կառավարությունում Իսրայելի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցով բանավեճը փակուղի է մտել։

Իսրայելի դեմ հետագա քայլերի քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ Նիդեռլանդները միացել է 20 այլ երկրների, որոնք հինգշաբթի օրը ստորագրել էին համատեղ հռչակագիր՝ դատապարտելով օկուպացված Արևմտյան ափին անօրինական բնակավայր կառուցելու Իսրայելի ծրագրերը։ Քննադատները նշում են, որ 3400 տնից բաղկացած բնակավայրը տարածքը կբաժանի երկու մասի։ Նիդեռլանդները հուլիսին արգելել էր իսրայելցի ծայրահեղ աջ նախարարներ Իտամար Բեն-Գվիրի և Բեցալել Սմոտրիչի մուտքը երկիր։ Ուրբաթ օրվա հանդիպումից հետո Վելդկամպը, որը Իսրայելում նախկին դեսպան է, հոլանդական ANP լրատվական գործակալությանը հայտարարել է, որ «նշանակալի լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար բավարար հնարավորություններ չունի»։

Իր հրաժարականի մասին հայտարարության մեջ նա ասել է. «Ապրում ենք աննախադեպ աշխարհաքաղաքական լարվածության ժամանակներում, երբ դիվանագիտությունը կարևոր է, քան երբևէ»։

Նիդեռլանդներում մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կառավարությանը ստիպելու համար միջոցներ ձեռնարկել Գազայում Իսրայելի պատերազմի դեմ, որի երկու տարին շուտով կլրանա։

Հունիսին Հաագայում տեղի ունեցած ցույցին մասնակցել է 100 000-ից 150 000 մարդ՝ այն դարձնելով Նիդեռլանդներում վերջին երկու տասնամյակի ընթացքում ամենախոշոր բողոքի ակցիան։ Վելդկամպի հրաժարականը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի աջակցությունը վայելող փորձագետները ուրբաթ օրը հայտարարել են, որ Գազա քաղաքն ու նրա շրջակայքը հայտնվել են «ամբողջությամբ ձեռակերտ» սովի մեջ, և որ մահերի թիվը կարող է երկրաչափական պրոգրեսիայով աճել։