Սկանդալային հայտնի հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ընկերուհին՝ Գիսլեյն Մաքսվելը, ԱՄՆ արդարադատության նախարարությանը տված հարցազրույցի վերջերս հրապարակված արձանագրություններում պատմել է, որ, իր կարծիքով, նրան սպանել են, հայտնում է Axios-ը։
Նրա հայտարարությունը հնչել է բանտում Էփշտեյնի ինքնասպանության մասին դավադրության տեսությունների ֆոնին, որոնք շրջանառվում էին երկար տարիներ, երբ նրան մեղադրանք էր առաջադրվել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար։
Ընդ որում, Մաքսվելը չի կարծում, որ դա հարուստ կամ ազդեցիկ անձանց կողմից նրան լռեցնելու նպատակով «հարված» է եղել։ Արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն հետաքննությունից հետո եկել են այն եզրակացության, որ ապացույցներ չունեն առ այն, որ Էփշտեյնը շանտաժի է ենթարկել ազդեցիկ անձանց, վարել է «հաճախորդների ցուցակ» կամ սպանվել է։
Ներկայումս Մաքսվելը կրում է իր 20-ամյա ազատազրկումը այն բանից հետո, երբ նրան մեղավոր ճանաչեցին անչափահասներին սեռական շահագործման ենթարկելու նպատակով դավադրության մի քանի կետով։
«Ես չեմ հավատում, որ նա ինքնասպան է եղել, ոչ»,- հարցազրույցում ասել է Մաքսվելը գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշին։
«Դուք որևէ ենթադրություն կամ տեսակետ ունե՞ք, թե ով է նրան սպանել»,- հարցրել է Բլանշը։
Նա պատասխանել է. «Ոչ, չգիտեմ»։
Մաքսվելն ասել է, որ պատահարի մասին անմիջականորեն չի իմացել, այլ իր կարծիքը հիմնել է Էփշտեյնի մասին իմացածի վրա, որը, ինչպես հայտնի է, հակված չի եղել ինքնասպանության։
Նա Էփշտեյնի մահվան մեջ մեղադրել է Բանտերի վարչությանը և ասել, որ «մարդկանց կարելի է սպանել փոքր գումարի դիմաց»։
«Այն բանտում, որտեղ ես գտնվում եմ, քեզ կամ կսպանեն, կամ կվճարեն. ինչ-որ մեկը կարող է բանտարկյալին վճարել՝ քեզ սպանելու համար՝ 25 դոլար արժողությամբ սննդի դիմաց։ Ես չեմ կարծում, որ Էփշտեյնի սպանությունն այդպիսին է եղել, եթե դա իսկապես սպանություն է, կարծում եմ, որ դա [բանտի] ներքին իրավիճակ էր»,- ասել է նա։
Ինտրիգն այն է, որ մահից առաջ Էփշտեյնին հանել էին ինքնասպանության հակված անձանց հսկողությունից այն բանից հետո, երբ նրան զննել էր դոկտորի աստիճան ունեցող հոգեբանը, հայտնել են Արդարադատության նախարարությունում։ Նրա մահվան գիշերը ուղղիչ հիմնարկի տեսախցիկները չեն աշխատել, ընդգծում է լրատվամիջոցը։
Բլանշը և Արդարադատության նախարարությունը ուրբաթ օրը հրապարակել են դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի երկարամյա ուղեկցորդուհու՝ Մաքսվելի հետ իրենց հարցազրույցի չորս խմբագրված սղագրությունները։