Ճանապարհային պարեկային ծառայության աշխատակիցներն ավելի քան 30 անգամ կրակել են «Renault» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որով փորձել են թաքնվել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության չորս կատարողները, մինչև հաջողվել է այն կանգնեցնել, ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Ճանապարհային պարեկային ծառայության հերթապահ անձնակազմը ահաբեկչության կատարողների «Renault»-ն նկատել է Մալոյե Պոլպինո գյուղի մոտ՝ М-3 «Ուկրաինա» ավտոճանապարհի 358-րդ կիլոմետրին։ Ոստիկաններն անմիջապես սկսել են հետապնդել չարագործներին։ Ճանապարհին նրանց է միացել ևս մեկ անձնակազմ։
Կանգ առնելու պահանջը մերժելուց հետո ճանապարհային պարեկային ծառայության աշխատակիցները կրակ են բացել։ Սկզբում՝ ատրճանակներից, իսկ հետո՝ նաև ինքնաձիգից։ Ընդհանուր առմամբ, «Renault» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 30 կրակոց։ Սկզբում կրակ է վարել առաջին անձնակազմի աշխատակիցը, սակայն փամփուշտները սպառվելուց հետո սկսել է կրակել երկրորդ անձնակազմը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա պարզաբանել է, որ ոստիկանները ծակել են ահաբեկչության կատարողների մեքենայի բոլոր չորս անիվները։ Միայն դրանից հետո այն սկսել է կորցնել արագությունը, բախվել է հանդիպակաց մեքենային և կանգ առել։