Նորվեգիան մոտ յոթ միլիարդ կրոն (մոտ 700 մլն դոլար) է հատկացնում Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար, ասված է Նորվեգիայի կառավարության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, հակաօդային պաշտպանության համակարգերը Գերմանիայից կառաքվեն Ուկրաինա։

«Գերմանիայի հետ մենք այժմ ապահովում ենք, որ Ուկրաինան հզոր հակաօդային պաշտպանության համակարգեր ստանա։ Գերմանիան և Նորվեգիան շատ սերտ համագործակցում են՝ աջակցելու Ուկրաինային՝ երկիրը և քաղաքացիական բնակչությանը ռուսաստանյան օդային հարձակումներից պաշտպանելու պայքարում», - հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

Նորվեգիան և Գերմանիան ֆինանսավորում են Patriot-ի երկու համակարգ՝ ներառյալ հրթիռները։ Բացի այդ, Նորվեգիան իր ներդրումն է ունենում գերմանական Hensoldt արտադրողից հակաօդային պաշտպանության ռադարների և Kongsberg-ի հակաօդային պաշտպանության համակարգերի գնման գործում։

Այս ամառ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հանդիպել և պայմանավորվել են, որ երկու երկրները կհամագործակցեն Ուկրաինային Patriot-ի երկու ամբողջական համակարգերի փոխանցման հարցում, որոնք Գերմանիան արդեն ունի։

Ներկայում համակարգերը գտնվում են Գերմանիայում և հնարավորինս սեղմ ժամկետներում կառաքվեն Ուկրաինա։

Միացյալ Նահանգները հաստատել է, որ կփոխարինի փոխանցված համակարգերը, իսկ Նորվեգիան պարտավորվել է ֆինանսական ներդրում ունենալ դրանց փոխարինման գործում։