ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն ահազանգը, թե Վերին Լարսի անցակետից հարյուրավոր բեռնատարներ վերադառնում են Հայաստան։
Օգոստոսի 23–ին Գառնիկ Դանիելյանը տեսանյութ էրհրապարակել սոցցանցում և նշել, որ Վերին Լարսի անցակետից Հայաստան վերադարձող մեքենաները բեռնված են գյուղմթերքով` սալորով, դեղձով, խաղողով։ Նա նշել էր, որ բեռնափոխադրողներին չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին: Նա նաև նշել էր, որ բազմաթիվ բեռնատարներ անորոշության մեջ դեռ սպասում են անցակետում։
«Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա և Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4-ը։
Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»,–գրել է Պապոյանը։
Մեկ այլ գրառման մեջ նախարարը նշել է. «Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար կամ օրական միջինը 101 մեքենայից ավել, որից.
խմիչքներ՝ 610,
մրգեր՝ 447,
պերլիտային ավազ՝ 234,
բանջարեղեն՝ 315,
ծառեր, բույսեր՝ 141,
վերամշակված միրգ-բանջարեղեն՝ 84,
քարից, գիպսից և նման ապրանքներ՝ 75,
ձուկ՝ 68,
էլ. և մեխանիկ. սարքավորումներ՝ 79,
ծխախոտ՝ 21,
կաթնամթերք՝ 19,
տրիկոտաժ՝ 16,
և այլն»։
Հիշեցնենք` այս տարվա մայիսին Վրաստանի մաքսային ծառայություններն ավելի քան մեկ ամիս կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնված մեքենաները և խմիչքի նմուշներն ուղարկել լաբորատոր անալիզի (թեև ապրանքը չի վաճառվում Վրաստանում, այլ տարանցիկ ճանապարհով տեղափոխվում է Ռուսաստան և այլ երկրներ): Հունիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարեց` ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայկական շշալցված կոնյակը (հայկական բրենդիի) այսուհետ կարտահանվի փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։
Հունիսին նաև ծաղիկների արտահանման խնդիր առաջացավ։ Ռոսսելխոզնադզորը հայտնեց, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Նույն ամսին խնդիրներ առաջացան նաև ծիրանի արտահանման հարցում։ Ծիրան տեղափոխողները դժվարությունների էին բախվել Լարսի անցակետում։





























