Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերի հիմնանորոգման աշխատանքները հնարավոր է չավարտվեն մինչեւ ապրիլի 24–ը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, շատ բան  կախված է երկու մույթերի հիմնանորոգման աշխատանքներից։ «Այս երկու մույթերի նորոգումն ավելի երկար է տևում, որովհետև փորձաքննություն են անում, ուզում են հասկանալ, թե այդ ջրերը ինչ խորությամբ են վնաս հասցրել և ինչպես պիտի այդ վերանորոգումը լինի։ Եթե այս երկուսի լուծումը գտան, մնացածը շատ ավելի արագ կլինի։ Հենց որ այս առաջին երկուսը լինի, արդեն, ինձ թվում է՝ ավելի հստակ ժամկետների մասին կկարողանանք խոսել։

Նշեմ, որ ճարտարապետական աշխատանքները վերահսկում է հենց հուշահամալիրի ճարտարապետներից մեկը՝ Սաշուլ Քալաշյանը, ով ստեղծել է հուշահամալիրը։

Բայց հուշահամալիրը հիմա էլ բաց է, այցելուները հանգիստ մտնում են, միայն այդ երկու մույթի շուրջն է փակված է անվտանգությունից ելնելով։ Գուցե մինչև ապրիլի 24–ը պատրաստ լինի, գուցե հասցնեն»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ շուրջ երկու ամիս է մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները:

Աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը' առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր։

Նշենք, որ նախորդ տարի առաջին փուլով իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում Եղևնիների պուրակում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգ։

Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է»։