Չինացիները բարձր են գնահատում բարեկամությունը. մենք երբեք չենք մոռանա, որ ավելի քան 6,000 հայ զինվորներ Չինաստանի Հյուսիսարևելքում մասնակցել են Ճապոնական ագրեսիայի դեմ պատերազմին, զոհաբերելով իրենց երիտասարդությունը, արյունը և անգամ կյանքը՝ հաղթանակի համար։ Այդ մասին ասաց ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը կայացած «Հիշե՛ք պատմությունը, հարգե՛ք զոհված հերոսներին, գնահատե՛ք խաղաղությունը և ստեղծե՛ք ավելի լավ ապագա» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։
«Նախ առաջարկում եմ մեր խորին հարգանքն ու խորագույն հիշատակը արտահայտել բոլոր նրանց, ովքեր պայքարել և իրենց կյանքը զոհաբերել են՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը, պաշտպանելու իրենց օջախներն ու ժողովրդին, ինչպես նաև պահպանելու միջազգային արդարությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Թող նրանց հոգիները, տեսնելով այսօր մեր ապրած խաղաղ և երջանիկ կյանքը, գտնեն մխիթարություն և հանգստություն։
Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ պակաս բարդ է, քան անցյալում։ Մենք գտնվում ենք գլոբալ խորքային փոփոխությունների շրջափուլում և կանգնած ենք պատմության շրջադարձային կետում։ Մեր ապագայի ուղղությունը կախված է այն ընտրություններից, որոնք մենք անում ենք այսօր։ Իսկ ճիշտ ընտրություն կատարելու մեր կարողությունը կախված է նրանից, թե որքան լիարժեք և ճշգրիտ ենք հասկանում պատմությունը։ Հետևաբար, մեր այսօրվա հանդիպման նպատակը՝ պատմությունից դասեր քաղելն ու համատեղ ապագա կառուցելն է»,– նշեց դեսպանը։
Դիվանագետի խոսքով՝ արդեն 80 տարի է անցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից, սակայն դրա ազդեցությունը շարունակում է զգացվել՝ տարածվելով ինչպես ջրի ալիքները։ Այսօրվա միջազգային կարգը, բազմաթիվ խնդիրները և հակամարտությունները, որոնց մենք բախվում ենք, ունեն 80 տարվա վաղեմության արմատներ. «80 տարի առաջ մարդկությունը նոր էր անցել պատմության ամենամեծ, ամենակործանիչ և սարսափելի պատերազմի միջով, որից հետո Եվրոպան վերածվել էր ավերակների, իսկ Ասիան՝ կործանված էր։
80 տարի առաջ Չինաստանը նոր էր հաղթանակ տարել Ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմում։ Այս պատերազմը տևեց 14 տարի և շատ թանկ արժեցավ․ավելի քան 35 միլիոն զոհված և ավելի քան 600 միլիարդ դոլարի տնտեսական կորուստներ։ Չին ժողովուրդը դիմադրեց ճապոնական միլիտարիզմի ներխուժմանը և պահեց Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի Արևելյան ճակատը՝ կարևոր դեր խաղալով պատերազմի վերջնական հաղթանակում։ Հետևաբար, Չինաստանը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի չորս հիմնական հաղթող երկրներից մեկը։ 80 տարի առաջ Չինաստանը անմիջականորեն մասնակցել է Միավորված Ազգերի կազմակերպության ստեղծմանը։ Չինաստանի ներկայացուցիչ Դոն Բիվուն առաջինն է ստորագրել ՄԱԿ-ի կանոնադրությունը, Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն է։ Չինաստանը վճռորոշ ավանդ ունեցավ ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում, այլև հետպատերազմյան միջազգային կարգի հաստատման գործում։ 80 տարի առաջ Հայաստանը ակտիվորեն մասնակցեց Մեծ Հայրենական պատերազմին՝ իր բնակչության ավելի քան 20%-ով ծառայելով ռազմաճակատներում, ինչը ամենաբարձր մասնակցության ցուցանիշն էր տարածաշրջանում։ Մեծ Հայրենական պատերազմը նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևոր ճակատներից մեկն էր, և այն վճռորոշ ավանդ ունեցավ հաղթանակի գործում և կարևոր ուժ դարձավ պատերազմից հետո միջազգային կարգի ձևավորման մեջ։ Ցանկանում եմ ընդգծել, որ հայերը հզոր ազգ են, իսկ հայ զինվորները համարվում են աշխարհի ամենախիզախ և ամենանվիրականներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանը տվել է Խորհրդային Միության չորս մարշալ, մեկ նավատորմի ադմիրալ, ավելի քան 60 գեներալ և անթիվ անհայտ զինվորներ։ Յուրաքանչյուր անգամ, երբ անցնում եմ «Մայր Հայաստան» հուշարձանի կողքով, զգում եմ այս պատմության ծանրությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ կանգնում եմ զինվորների հուշարձանի արջև և խոնարհում ծաղիկներ, կարծես դիպչում եմ այդ երիտասարդ կյանքերին։ Հայ ժողովուրդ, դուք հիմք ունեք հպարտանալու։ Դուք այս հողի տերն եք, քանի որ այս հողը շաղաղված է ձեր արյունով»։
Դեսպանը նաև ընդգծեց, որ հայ ժողովուրդը արժանի է խաղաղության և երջանկության. «Ձեր ավանդը պատմության մեջ անգնահատելի է։ Դուք ձեր ճակատագրի տերն եք։ Հայ ժողովուրդ, դուք արժանի եք հարգանքի և բարեկամության, ժամանակին ուս ուսի պայքարեցիք մեր հետ համաշխարհային խաղաղության համար, և այժմ մենք պետք է միասին աշխատենք մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման նպատակին։ Այստեղ ցանկանում եմ իմ հայ ընկերներին ասել՝ չինացիները բարձր են գնահատում բարեկամությունը։ Մենք երբեք չենք մոռանա, որ ավելի քան 6,000 հայ զինվորներ Չինաստանի Հյուսիսարևելքում մասնակցել են Ճապոնական ագրեսիայի դեմ պատերազմին, զոհաբերելով իրենց երիտասարդությունը, արյունը և անգամ կյանքը՝ հաղթանակի համար։ Մի քանի օր առաջ մենք այցելեցինք այդ վետերաններին։ Հետաքրքիրն այն է, որ նրանք արդեն ավելի քան 100 տարեկան են, բայց երբ նրանց ձեռքը սեղմեցի, դեռևս հստակ զգացի կյանքի ու բարեկամության ջերմությունը։ Նրանք իսկական հերոսներ են, ովքեր կատարել են պատմության վստահված առաքելությունը։ Այսօր մենք պետք է, ինչպես նրանք, կատարենք մեր ժամանակների վստահված առաքելությունը։
Ցանկանում եմ իմ հայ ընկերներին ասել, որ չին ժողովուրդը սիրում է խաղաղությունը և դեմ է պատերազմներին։ Ու հենց այն պատճառով, որ մենք զգացել ենք պատերազմի ցավը, չենք ցանկանում նորից տեսնել պատերազմ և հակամարտություն։ Ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմի և հակաֆաշիստական պատերազմի հիշատակը չեն քարոզում ազգերի հանդեպ ատելություն։ Չին ժողովուրդը դեմ չէ ճապոնացիներին, գերմանացիներին կամ իտալացիներին, մենք դեմ ենք ֆաշիզմին և ագրեսորական գործողություններին։ Մենք հանդես ենք գալիս պատմութան ճանաչման և գերազանցման օգտին։ Եթե մենք չկարողանանք դասեր քաղել պատմությունից և հաղթահարել ատելությունը, ապագա կառուցելու ճանապարհ չի լինի։ Պատմությունը գերազանցելը նշանակում է հասկանալ խաղաղության էությունը։ Խաղաղությունը միայն պատերազմի բացակայություն չէ, և միայն ուժերի հավասարակշռություն չէ։ Խաղաղությունը չի հիմնվում հակառակորդին սպառնալու և զիջումների վրա։ Խաղաղությունը հիմնված է փոխըմբռնման, փոխհարգանքի և փոխկապակցվածության վրա, միջազգային իրավունքի և միջազգային կանոնների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման ձգտման վրա։ Խաղաղությունը պարզ իրավիճակ չէ․դա այն բարձրագույն արժեքն է, որ մենք հետապնդում ենք, և մարդկության համար ավելի լավ ապագայի հասնելու միակ ճանապարհն է։
Եվ վերջում ցանկանում եմ ասել բոլոր իմ ընկերներին, որ չինացիները բաց և ներառական ազգ են։ Մենք ձգտում ենք աշխարհի բոլոր ժողովուրդների համամիասնությանը՝ միասնությանը, որը չի ճանաչում ազգություն, կրոն և գաղափարախոսություն»։
Ըստ դիվանագետի՝ բախվելով անկայուն և խնդրահարույց աշխարհին, որը գտնվում է դարավոր վերափոխումների գործընթացում, Նախագահ Սի Ցզինպինը առաջարկել է մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման նախաձեռնությունը։ «Սա 80 տարվա պատմական իմաստության ամփոփումն է և համընդհանուր կոնսենսուս, որը կիսում են բոլոր երկրները։.
Պատմության երկար ճանապարհի ընթացքում յուրաքանչյուր երկիր ունի իր մարտահրավերները, և յուրաքանչյուր սերունդ ունի իր առաքելությունը։ Սակայն ամենից վեր, մենք ունենք ընդհանուր առաքելություն՝ լինել պատասխանատու պատմության և ամբողջ մարդկության առջև, նպաստել համաշխարհային խաղաղությանը և մարդկության առաջընթացին, ոչ թե հակառակը։
Սեպտեմբերի 3-ին Չինաստանը կանցկացնի մեծ ռազմական շքերթ, որը կղեկավարի Նախագահ Սի Ցզինպինը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված է մասնակցելու, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կմասնակցի։ Մենք հույս ունենք, որ այս արարողության միջոցով հնարավոր կլինի առաջ քաշել ճիշտ պատմական ըմբռնում, ամրապնդել ներկա համախմբվածությունը և ընդլայնել խաղաղության ուժը։
Շնորհակալություն բոլորիդ մասնակցության համար և շնորհակալություն Չինաստանի նկատմամբ երկարատև բարեկամության համար։ Ցանկանում եմ, որ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը հարատևի, մաղթում եմ Հայաստանին երկարատև խաղաղություն, և ցանկանում եմ, որ վաղվա աշխարհը լինի էլ ավելի գեղեցիկ։ Շնորհակալություն բոլորին»,– ընդգծեց դեսպանը։











