Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) գիտնականներն էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման կայանների մոտակայքում մարդու առողջության համար պոտենցիալ վտանգ են հայտնաբերել, նշվում է կազմակերպության կայքում։
Գիտափորձի շրջանակում մասնագետները վերլուծել են Լոս Անջելեսի մոտ 50 Tesla Supercharger կայանների օդի վիճակը։ Պարզվել է, որ էլեկտրական լիցքավորման կայանների մոտակայքում օդում վնասակար մանր մասնիկների պարունակությունը կրկնակի բարձր է, քան կայաններից հեռավորության վրա՝ մեկ խորանարդ մետրի համար կազմում է 15-20 միկրոգրամ՝ քաղաքում միջինում 7-8 միկրոգրամի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների համար գործող սովորական բենզալցակայաններում նման ցուցանիշը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 12 միկրոգրամ։
Ըստ հետազոտության հեղինակ Իֆան Չժուի՝ աղտոտվածությունն առաջանում է լիցքավորման կայանների մոտակայքում կուտակվող փոշուց, անվադողերի մանր մասնիկներից և ավազից։ «Բարեբախտաբար, մի քանի մետր հեռավորության վրա վնասակար մասնիկների կոնցենտրացիան զգալիորեն նվազում է»,- նշել է գիտնականը։





























