Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի»։
«Միևնույն ժամանակ, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։ Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում։ Բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին», - նշել է նա, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ «եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները»։
«Եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա կարող ենք ենթադրել, որ դա կարող է խախտել Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում նախկինում համաձայնեցված հարցերը։ Բայց դա շատ կվնասի հենց Հայաստանին, քանի որ, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից և Հայաստանի ղեկավարի կողմից։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը հիմնված է եղել միջպետական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ադրբեջանական տեսլականի վրա», - հավելել է Ալիևը։
«Եթե Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ նրանից, թե երբ է իշխանության գալու՝ կասկածի տակ դնի այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, ապա Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բացարձակապես մեր օգտին է՝ բոլոր առումներով։ Կարծում եմ՝ սա ակնհայտ է բոլորի համար և եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք համարժեք պատասխան կտանք», - սպառնացել է Ալիևը։
«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի կարևորությունն այն է, որ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և իրենց ապագա փոխազդեցությունները կիրականացնեն միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա։ Հետևաբար, եթե Հայաստանը դադարի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նույնը կանենք նրանց տարածքային ամբողջականության հետ։ Եվ ո՞վ կհաղթի և ո՞վ կպարտվի այս դեպքում։ Կարծում եմ՝ սա հռետորական հարց է», - ասել է Ալիևը





























