Դանիայի արտաքին գործերի նախարարը «գորգի վրա է կանչել» Կոպենհագենում ԱՄՆ-ի ժամանակավոր գործերի հավատարմատարին։ Նրանից բացատրություն են պահանջել Դանիային և Գրենլանդիային իրար դեմ հանելու փորձերի համար, հայտնում է Euronews-ը։
Ավելի վաղ Դանիայի հանրային հեռարձակողը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացիները գաղտնի գործողություններ են իրականացնում Գրենլանդիայում՝ փորձելով համոզել տեղի բնակիչներին խզել կապերը Դանիայի հետ և դաշինք կազմել Միացյալ Նահանգների հետ՝ արհեստականորեն լարվածություն ստեղծելով մայրաքաղաքի և ինքնավար տարածքի միջև։
Լրագրողների խոսքով՝ ԱՄՆ քաղաքացիներից առնվազն երեքը կապված են Դոնալդ Թրամփի հետ, սակայն լրագրողները չեն մանրամասնել՝ ամերիկացիները գործել են սեփական նախաձեռնությամբ, թե՞ Վաշինգտոնի հրահանգներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու իր ցանկության մասին, միաժամանակ կիրառելով քողարկված սպառնալիքներ։
Ե՛վ Կոպենհագենը, և՛ Գրենլանդիան կտրականապես մերժում են Սպիտակ տան ղեկավարի պնդումները՝ նշելով, որ Միացյալ Նահանգների կողմից թագավորության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ բացարձակապես անընդունելի կլինի։




























