Ուկրաինայում խարդախության գործով հետախուզման մեջ գտնվող գործարար Արայիկ Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակից լինելու համար։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քննության ընթացքին ծանոթ աղբյուրը։

Նրա խոսքով՝ Ամիրխանյանը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ և 222-րդ հոդվածներով (սպանություն և զենքի անօրինական շրջանառություն): Հետաքննիչները կարծում են, որ նա Կիվայի մասին տեղեկություններ է տրամադրել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի մարզի դատարանը Ամիրխանյանին կալանավորել է՝ սպանության գործի շրջանակում։ Բացի այդ, ամռան սկզբին նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման և տուգանքի՝ դատական կատարածուին կաշառք տալու համար։ Ինչպես պարզել է դատարանը, գործարարը երկու անգամ գումար է փոխանցել ընկերության հաշիվների վրայից կալանքը հանելու համար։ Օգոստոսին վերաքննիչ դատարանը դատավճիռը ճանաչել էր օրինական։

Իլյա Կիվան սպանվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մարզի Սուպոնևո ավանում։ Ըստ քննության վարկածի՝ անհայտ անձը կրակել է նրա վրա քոթեջային ավանի այգում և նախկին պատգամավորը տեղում մահացել է։ Ավելի ուշ, Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտարարել է, որ Կիվան սպանվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում։

Արայիկ Ամիրխանյանը հայտնի ուկրաինացի և հայ ձեռնարկատեր է։ Նրա ընկերությունները ճանապարհաշինարարական պայմանագրեր են կնքել Ուկրաինայում՝ օգտագործելով պետական ​​միջոցները։ 2020 թվականին Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը նրան հետախուզման մեջ է դրել խոշոր չափերի խարդախության համար։ 2021 թվականին լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրին, հաղորդել են, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ամիրխանյանին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից՝ նրա հայկական քաղաքացիության պատճառով։