«Հայրապետյան եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ին պատկանող «Հայաստան» հանրախանութում այժմ գտնվում են ոստիկաններ, «Ամերիաբանկի» ներկայացուցիչներ, ովքեր վիճում են այդտեղի առեւտրականների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ` հակառակ վարձակալի ցանկության` բանկի ներկայացուցիչները փորձում են առեւտրականներին ստիպել ազատել տարածքը:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող «Հայաստան» հանրախանութը գրավի դիմաց կհանձնվի «Ամերիաբանկին»: «Մի քանի օր առաջ բանկի աշխատակիցները գնացել են «Հայաստան» եւ ծանուցագրեր բաժանել հանրախանութի աշխատակիցներին, որի համաձայն՝ նրանք պարտավոր են կա’մ մինչեւ հունվարի 24-ը լքել տարածքը, կա’մ բանկի հետ նոր պայմանագիր կնքել՝ հետագա գործունեությունը շարունակելու համար: Սակայն հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանը հերքեցլ էր վերը նշված տեղեկությունը՝ ասելով, թե «Հայաստան»-ն իրենցն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել:




























