Ամբողջ մոլորակի համար այս դժվար ժամանակահատվածում  կոալիցիոն ուժերը կարողացել են  պահպանել հարաբերական կայունություն եւ, եթե եւս նոր հուշագիր ստորագրելու կարիք լինի` դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, դրա կարիքն այս պահին չի երեւում, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի եւ  կոալիցիայի մեջ մտնող երեք քաղաքական ուժերը հարմար գտնեն ստորագրել, թող լինի: «Ինչի՞ մասին է խոսքը. մեր երկրի զարգացման, կայունության  եւ նման նպատակների համար որեւէ փաստաթղթի ստորագրումը դատապարտելի չէ, որքան հասկանում եմ»,- ավելացրեց Վարդան Բոստանջյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի ցուցակում գործարարների առկայությանը, նա ասաց, որ գործարարներն օրինական են այդ գործով զբաղվում եւ տարծաշրջանում ունեն վաստակ, հետեւաբար ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն նրանց կարիքը կա՞, թե` ոչ:

Բոստանջյանը նշեց նաեւ, որ կոալիցիան փոխհամաձայնեցված ձեւով կառաջադրի իր թեկնածուներին:

Ինչ վերաբերում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, պատգամավորը նկատեց, որ Օսկանյանը Հայաստանի համար պրոֆեսիոնալ անձնավորություն է եւ լրիվ իրավունք ունի վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Ինչ վերաբերում է նրա` ԲՀԿ-ի շարքերը համալրելու խնդրին, Բոստանջյանը նախ խորհուրդ տվեց ավելի լավ կարդալ Վարդան Օսկանյանի հայտարարությունը, ապա հավելեց. «Նա փնտրտուքի մեջ է եւ կարող է պատահի ՀՀԿ մտնի»: