Այս կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ եկեղեցում պատարագի չի մասնակցել, և NEWS.am–ը փորձել է պարզել, թե արդյոք ՔՊ–ական պատգամավորները, որոնք վարչապետի հետ տարբեր եկեղեցիներում պատարագների են մասնակցում, այս կիրակի ևս պատարագի մասնակցել են։
Մասնավորապես, ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց. «Այնպես չէ, որ ես միշտ մասնակցում եմ պատարագների, Այո, մի քանի անգամ գնացել եմ, այս անգամ չեմ գնացել։ Պատճառն այն էր, որ վատառողջ եմ եղել, այսօր էլ դեռ լավ չեմ զգում ինձ, իսկ այդ օրերին շատ վատ եմ եղել։ Ես չեմ կարող ասել, որ ամեն շաբաթ մասնակցում եմ պատարագներին առհասարակ, բայց այնպես էլ չի, որ առողջականս կներեր, որ գնայի մասնակցեի»։
ՔՊ–ական մեկ այլ պատգամավոր՝ Ջուլիետա Ազարյանը, որի ձայնը իսկապես խզված էր, ասաց. «Չեմ գնացել պատարագի, վատառողջ էի, այս պահին էլ եմ հիվանդ։ Զուտ այդ պատճառով չեմ գնացել, թե չէ, մշտապես գնում եմ, հատկապես երբ Գյումրիում եմ լինում, այցելում եմ եկեղեցի շաբաթ, կիրակի օրերին։ Բայց մյուս պատարագներին էլ, ինչպես տեսնում եք, վարչապետի հետ ներկա եմ լինում»։
ՔՊ–ական Նարեկ Գրիգորյանն էլ ասաց, որ կիրակի պատարագի մասնակցել է, բայց չհստակեցրեց, թե որ եկեղեցում։




























