Ես չեմ ուզում առաջ անցնել, բայց ակնհայտ է որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, որ դանդաղ ենք գործում, պատճառն այն է, որ մենք միշտ հոռետեսության կանխավարկածով ենք շարժվում, ասում ենք՝ դե թող հլը տեսնենք լինում է, չի լինում, դե երբ որ կլինի, դրանից հետո արդեն կսկսենք նախապատրաստվել։ Ես կարծում եմ՝ մի քիչ մենք այս վերաբերմունքն էլ պիտի փոխենք։
Օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետք է կառուցվեն, առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետք է կառուցվի։ Ակնհայտ է, որ Ախուրիկում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։
Ես գիտեք, կանխատեսում եմ, հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան-Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ։ Իհարկե, մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում, որտեղ ենք աշխատում TRIPP–ի հետ և որտեղ ենք աշխատում այլ գործընկերների հետ։
Հայաստան-Թուրքիա սահմանին նույնպես մեծ հավանականությամբ մենք էլեկտրահաղորդման գծերի վերազինման կարիք կունենանք։ Մենք արդեն մասնավոր հատվածից այդ ազդակները ստանում ենք։ Մասնավոր հատվածը մեզ արդեն հարցնում է՝ ասում է՝ մենք արդեն կարո՞ղ ենք մտածել Հայաստան-Թուրքիա և Թուրքիա-Հայաստան ուղղություններով էլեկտրահաղորդման մասին, մենք ասում ենք՝ այո, կարող եք մտածել։
Բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդ մակարդակում հարցերը, պատկերացումները առնվազն այն տեսանելի ապագայի համար, որը այսօր խելամիտ է այդ ժամանակահատվածով դիտարկել, այդ հարցերը լուծված են և լուծվում են»,– ընդգծեց Փաշինյանը։





























