Հունգարական MOL Nyrt. ընկերությունը և «Գազպրոմ նեֆտը» համաձայնեցրել են սերբական Naftna Industrija Srbije (NIS) նավթավերամշակող ընկերությունում ռուսական բաժնեմասի առքուվաճառքի ապագա պայմանագրի հիմնական դրույթները։ Այս մասին Բելգրադում լրագրողներին հայտնել է Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչը։
Ըստ նախարարի, որի խոսքերը մեջբերում է պետական RTS հեռուստաընկերությունը, բանակցությունների ընթացքում Սերբիային հաջողվել է բարելավել իր դիրքերը և ապագայում այն կկարողանա 5%-ով ավելացնել իր մասնաբաժինը NIS-ում, հայտնում է DW-ն։ Բացի այդ, գործարքին կարող է միանալ Abu Dhabi National Oil Co. (ADNOC) ընկերությունը։
Համաձայնագիրը կուղարկվի ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակ (OFAC)՝ վերջնական որոշում կայացնելու համար, հայտնել է Հանդանովիչը։ Ավելի վաղ OFAC-ը մինչև մարտի 24-ը երկարաձգել էր այն լիցենզիայի ժամկետը, որը թույլ է տալիս NIS-ի բաժնետերերին բանակցություններ վարել ռուսական բաժնեմասի վաճառքի շուրջ։
Հանդանովիչը չի բացահայտել գնման արժեքը և բաժնեմասերի բաշխումը: MOL-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը «Գազպրոմ նեֆտի» հետ ստորագրել է պարտավորեցնող նախնական համաձայնագիր՝ NIS-ի բաժնետոմսերի 56,15%-ը գնելու վերաբերյալ: «Գազպրոմ նեֆտի» մամուլի ծառայությունը հաստատել է MOL-ի հետ սերբական ընկերության վերահսկիչ փաթեթի վաճառքի մտադրությունների մասին համաձայնագրի ստորագրման փաստը:
2025 թվականի հունվարին NIS-ը ներառվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում՝ ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» ունեցած բաժնեմասի պատճառով: Սահմանափակումներն ուժի մեջ են մտել հոկտեմբերին: Այս պատժամիջոցները հանգեցրել են Ադրիատիկ խողովակաշարով (JANAF) Խորվաթիայի տարածքով նավթի մատակարարումների դադարեցմանը և Պանչևոյի նավթավերամշակման գործարանում արտադրության կանգնեցմանը:
Հանդանովիչը հայտարարել է, որ MOL-ը պարտավորություն է ստանձնել չփակել Պանչևոյի նավթավերամշակման գործարանը, այլ պահպանել արտադրության նախկին մակարդակը և ավելացնել այն՝ ըստ անհրաժեշտության։
Այժմ «Գազպրոմ նեֆտին» է պատկանում NIS-ի բաժնետոմսերի 44,9%-ը։ Եվս 11,3% բաժնետոմսեր գտնվում են «Գազպրոմի» ներդրումային ստորաբաժանման տնօրինության տակ։ Սերբիայի կառավարությանը պատկանում է 29,9% բաժնեմաս։ Մնացած բաժնեմասերը պատկանում են մասնավոր ներդրողներին և ընկերության աշխատակիցներին։




























